«Վերջապես տեսնում ենք, որ ոճրագործության հեղինակները պատժվելու են»․ Զուրաբյան
![«Վերջապես տեսնում ենք, որ ոճրագործության հեղինակները պատժվելու են»․ Զուրաբյան](https://gdb.rferl.org/259D6758-DD88-4335-861D-58F6CCA38E2B_cx0_cy0_cw85_w800_h450.jpg)
«Այսօր ցավի և վշտի զգացմունքներին խառնվում են նաև ուրախության զգացմունքներ, քանի որ տեսնում ենք, որ ոճրագործության հեղինակները պատժվելու են», - այսօր Մարտի 1-ի տասը զոհերից Արմեն Ֆարմանյանի շիրմաքարի մոտ ունեցած ելույթում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կազմակերպել է երթը Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան՝ ցույց տալով, որ պետությունը կանգնած է քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, այլև այն, որ նա որպես պետության ղեկավար այսօր ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից:
«Ուզում եմ դիմել տղերքին՝ Համլետ Թադևոսյանն է, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Գոռ Քլոյանը․․․ Տղերք, ձեզ եմ դիմում՝ հավաստիացնելով, որ մենք ձեզ միշտ հիշելու ենք և միշտ գնահատելու ենք ձեր սխրանքը», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Այսօր վշտի, ցավի մեր զգացմունքներին խառնվում է նաև ինչ-որ իմաստով ուրախության զգացմունքը, որովհետև վերջապես մենք ազատվել ենք այն դահիճներից, ում ձեռքով այս մարդիկ, մեր զավակները գնացին։ Վերջապես մենք տեսնում ենք, որ արդարադատությունը հնարավոր է, որ ոճրագործության հեղինակները, կատարողները, հրաման տվողները, կազմակերպիչները պատժվելու են։ Պարզ է մեզ համար, որ այս ինքնազոհողությունը, որին տղաները գնացին, իմաստավորվում է, որովհետև իրենց ջանքերով, մեր բոլորի ջանքերով Հայաստանը նորից բերում ենք դեպի դեմոկրատիա, դեպի ազատություն»։
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ միասին ծաղիկներ դրեցին շիրմաքարերին: 2008-ի մարտի 1-ին Պարոնյան փողոցում «Չերյոմուխա»-ից սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը ասաց, որ իր որդին, ինչպես նաև մյուս տղաները պայքարել են բռնապետական իշխանության դեմ: Դիմելով որդուն՝ Վաչագան Ֆարմանյանը շեշտեց, որ սահմանին հայրենիքը պաշտպանելիս թշնամու գնդակից չի ընկել, բայց զոհվել է իր ժողովրդի ազատության համար:
«Բոլոր տասից էլ գոհ ենք։ Արմեն ջան, ինչ արել ես՝ լավ ես արել, էդ պառկած տեղդ էլ չփոշմանես։ Ձեր թանկագին հոգուն հանգստություն», - ասաց Վաչագան Ֆարմանյանը։