Լոնդոնում դանակով հարձակում գործած անձը կալանավորվել է
![Լոնդոնում դանակով հարձակում գործած անձը կալանավորվել է](https://gdb.rferl.org/0A243EE3-AB0C-41D3-9F94-9C0BAE8487CB_cx0_cy3_cw0_w800_h450.jpg)
Նախօրեին Լոնդոնում Բուքինգհեմյան պալատի ոստիկանների վրա դանակով հարձակում գործած անձը կալանավորվել է: 26-ամյա տղամարդու կալանքը հիմնավորվել է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի պահանջներով:
Ոստիկաննները պալատի մոտ կայանած նրա մեքենայում մեծ դանակ էին նկատել և որոշել են ձերբակալել վարորդին: Այնուհետև տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա և թեթև վնասվածքներ պատճառել: BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը նույնպես վնասվածքներ է ստացել:
Վերջին ամիսներին Մեծ Բրիտանիայում մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել՝ հիմնականում միայնակ անձի կամ ոչ մեծ խմբերի կողմից: Հունիսի 3-ին Լոնդոնում մեքենան վրաերթի էր ենթարկել լոնդոնյան կամրջի հետիոտներին, ապա մեքենայից դուրս էին եկել երեք ահաբեկիչ և դանակով հարձակվել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 7 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: