ԱԱԾ տնօրեն. Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները փորձել են խանգարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
Արտասահմանյան մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը խոչընդոտելու փորձեր են կատարվել ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների կողմից` տեղական համայնքային կառույցների ակտիվ ներգրավմամբ: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը` դեկտեմբերի 18-ին ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:
«Նրանց սադրիչ գործողությունների և հակահայկական ակտիվ քարոզչական նախաձեռնությունների խափանման գործում էական դեր են խաղացել Ազգային անվտանգության ծառայության հետախուզության գլխավոր վարչության ձեռք բերած կանխարգելիչ տեղեկությունները, որոնց շնորհիվ այդ մտադրությունները ժամանակին բացահայտվել և կանխվել են», - հայտարարել է Գորիկ Հակոբյանը
ԱԱԾ տնօրենը նշել է, որ անցնող տարվա ընթացքում Ադրբեջանի զինված կազմավորումները բազմիցս դիվերսիայի փորձեր է ձեռնարկել, որոնք ձախողվել
են
Ինչպես հայտարարել է Հակոբյանը, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, հետախուզական ներթափանցումների կանխարգելման և խափանման գործում մեծ է նաև ազգային անվտանգության մարմինների դերը, կարևոր է համագործակցությունը բանակի և ոստիկանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: