Էլեկտրաէներգիայի սակագինն անապահով ընտանիքների համար կրկին կնվազի
![Էլեկտրաէներգիայի սակագինն անապահով ընտանիքների համար կրկին կնվազի](http://arka.am/upload/resize_cache/iblock/998/220_165_2/9989de6535229ac11d4e1e416925685d.jpg)
Էլեկտրաէներգիայի սակագինն անապահով ընտանիքների համար կրկին կնվազի։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի սակագինն անապահով ընտանիքների համար կրկին կնվազի 10 դրամով։ Այս որոշումն ընդունվել է այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թ.–ի փետրվարի 1–ից։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
«Նշված հարցը, նախապես քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշել է 2018 թ.–ի հուլիսի 1–ից 1կՎտժ–ի համար 10 դրամով չափով փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագինը սոցիալապես անապահով ընտանիքների համար` մինչև 250 կՎտժ ծավալով էլեկտրաէներգիայի ամսական սպառման դեպքում։–0–