Արա Բաբլոյանն ԱԺ նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպել է նախագահի, Փաշինյանի ու Կաթողիկոսի հետ
Կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձևավորված խորհրդարանական ավանդույթները:
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ԱԺ նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կայացման, օրենսդրական գործունեության թափանցիկության ապահովման, հաշվետվողականության ու օրինաստեղծ գործընթացներում հանրության մասնակցության ընդլայնման ուղղությամբ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Ամփոփվել ու արժևորվել են 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հարթակներում ու խորհրդարանական կառույցներում իրականացված աշխատանքը:
Նշվում է, որ կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձևավորված խորհրդարանական ավանդույթները` նոր լիցք ու որակ հաղորդելով օրենսդիր մարմնի գործունեությանը:-0-