Հայտնի են դարձել Արցախում 19–ամյան զինծառայողի վիրավորման հանգամանքները
![Հայտնի են դարձել Արցախում 19–ամյան զինծառայողի վիրավորման հանգամանքները](http://arka.am/upload/resize_cache/iblock/ce9/220_165_2/ce9b029d1cf97660bb26a8b93bac1de9.jpg)
ՔԿ–ն մանրամասներ է հայտնում Արցախում 19–ամյա զինծառայողի վիրավորումից։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները, նշվում է ՀՀ քննչական կոմիտեի Facebook–յան էջում։
Զինծառայողը վնասվածքն ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ, որի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:
Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։–0–