Սննդի անվտանգության անվերահսկողությունից արդեն տնտեսվարողներն են բողոքում. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին՝ ուղղված գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին, թե արդյոք սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի նախարարության կազմում, թե՝ ոչ: Վարչապետը նաև հիշեցրել է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության մասին:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ինքը ևս եղել է այդ հանդիպմանը և ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն բողոքը ոչ թե սպառողական կազմակերպություններից է գալիս, այլ արդեն տնտեսվարող սուբյեկտներն են բողոքում վերահսկողությունից: «Այսինքն՝ հասկանում են, որ անվերահսկողությունը եկել հասել է այնպիսի իրավիճակի, որ եթե դու ուզում ես լավ բիզնես անել, չես կարող, որովհետև քո կողքը օրինախախտներ կան»,- ասաց նա և օրինակ բերեց, երբ ռուսական ձուն ներմուծվում և վաճառվում էր հայկականի փոխարեն, պետական կառույցները չէին խոչընդոտում:
«Մենք ունենք հետընթաց՝ առաջընթացի փոխարեն: Վարչապետը քննարկման ժամանակ տվեց սիգնալներ և կարծես արձագանքում է դրանց, մնացածը ցույց կտա ժամանակը»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է լինի գյուղատնտեսության կազմում, թե ոչ, ասաց, որ այդ խնդիրը բազմիցս բարձրաձայնել է, քանի որ սննդի անվտանգության պետական ծառայությունը մի կողմից գտնվում է գյուղատնտեսության կազմում, մյուս կողմից՝ հաշվետու չի և գործում է անկախ:
«Թե հետագայում ինչպիսին կլինի, ցույց կտա ժամանակը, նախորդ կառավարության ժամանակաշրջանում քաղաքական կուրսը այնպիսին էր, որ գրեթե գործում էր անկախ: Վարչապետի ասածը հույս է առաջացրել»,- ասաց նա և նշեց, որ նախորդ կառավարության ժամանակ նման հանդիպումներ չեն եղել :
