Սարգիս Շահինյանը Փերինչեքի գործով վճռի չեղարկման ու Շվեյցարիայում և Ֆրանսիայում ցեղասպանության ժխտման հոդվածի վերանայման մասին
Շվեյցարիայի ֆեդերալ տրիբունալը չեղարկել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով կայացված վճիռը, որով Փերինչեքը տուգանվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Բացի այդ, նախաձեռնություն է սկսվել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի վերանայման համար: Այս, Փերինչեքի գործի առնչության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Հայաստան-Շվեյցարիա ընկերակցության խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանի հետ:
-Պարոն Շահինյան, Շվեյցարիայի ֆեդերալ տրիբունալը չեղարկել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով կայացված վճիռը, որով Փերինչեքը տուգանվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ի՞նչ է սա ենթադրում:
-Չեղարկումը, որը վերաբերում է ոչ միայն 12.12.2007-ին կայացած Բարձրագույն դատարանի վճռին, այլ նաև 13.06.2007-ի Վո կանտոնի դատարանի վճռին, Փերինչեքի դիմումի հետևանքն է, որը հիմնվում է ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 2015-ի հոկտեմբերի 15-ի որոշման վրա: Վերջինս 10 կողմ և 7-ի դեմ ձայնով որոշեց, որ 2005-ի մայիսից մինչև սեպտեմբեր Փերինչեքի հայտարարությունները չեն կարող համարվել ցեղային ատելության հրահրում:
Վո կանտոնի բողոքարկման դատարանը պետք է առայժմ վերանայի Փերինչեքի առաջին բողոքարկումը՝ հաշվի առնելով, թե՛ ՄԻԵԴ-ի, թե՛ Շվեյցարիայի բարձրագույն դատարանի որոշումները: Եթե վերջինս բողոքարկումն ընդունի, դա մեր հնարավորությունները զգալի չափով կսահմանափակի, սակայն բողոքարկումը բարձրագույն դատարան, իհարկե, հնարավոր է:
Բայց այս պարագայում, վճիռների տարբեր լինելու հավանականությունը շատ քիչ է: Սա չի նշանակում, որ հայերի դեմ գործած Ցեղասպանությունը կարելի է ցանկացած ձևով ժխտել, սակայն ավելի խիստ է լինելու քննարկումը դատարանի կողմից, որ արդյո՞ք այդ ժխտումը տեղի է ունեցել ցեղային ատելության հրահրման շարժառիթով:
-Նախաձեռնություն է մեկնարկել, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը վերանայվի , որը հենց պատասխանատվություն էր նախատեսում Ցեղասպանության ժխտման դեպքում: Ի՞նչ գործընթացի հետևանքով կարող է Շվեյցարիայում նման նախաձեռնություն մեկնարկել և ինչո՞ւ:
-Խորհրդարանական նախաձեռնությունը յուրաքանչյուր շվեյցարացի խորհրդարանականի տրամադրության տակ գտնվող միջոց է: Դա նախատեսում է, որ խնդիրը քննարկվի խորհրդարանի երկու ճյուղերի կողմից:
Եթե երկու հանձնախմբերի կողմից էլ համաձայնություն լինի, այս դեպքում իրավական հանձնախմբերի մասին է խոսքը, օրենքի նոր առաջարկ կներկայացվի խորհրդարանի երկու ճյուղերին էլ, որը պետք է քվեարկվի: Ասեմ, որ Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետա Սոմարուգան արդեն երկու անգամ ժխտողական պատասխան է տվել այն նույն պատգամավորին, որը երկու տարի է փորձում է քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը չեղյալ համարել: Սակայն այս անգամ պարոն Նիդեգերի ջանքերը տարբեր են: Հիշեցնեմ, որ այս նույն պատգամավորը նույն անձն է, ով ՄԻԵԴ-ում Շվեյցարիայի ֆրանսախոս թուրքական կազմակերպությունների ֆեդերացիայի փաստաբանն էր: Այս անգամ խնդիրն այն է, որ 261-րդ հոդվածը կիրառվի այն դեպքում, երբ ժխտված ոճիրն միջազգային դատարանի կողմից ընդունված լինի որպես ցեղասպանություն:
-Հայտնի՞ է, թե երբ կքննարկվի նախաձեռնությունը կամ ինչ ընթացքի մեջ է այն:
-Դեռ ոչ:
-Հնարավո՞ր է,որ Առաջին ատյանի դատարանի՝ Դողու Փերինչեքի գործով վճիռը բեկանվի:
-Այո, նույնիսկ շատ հնարավոր է: Սակայն մեր քարտերով մինչև վերջ խաղալու ենք:
-Ֆրանսիայում ևս խոսվում է նման՝ Ցեղասպանության ժխտումը չքրեականացնող նախագիծ ներկայացնելու մասին: Որքանով է այն իրական և ինչի՞ հետևանք կարող է լինել,և ինչով են տարբերվում դրանք:
-Խնդիրը մի քիչ տարբեր է: Բանն այն է, որ ցանկանում են նոր օրենք ընդունվի, որպեսզի Ցեղասպանության ժխտումը քրեականացվի: Ներկայացված նախագիծը, սակայն, մեր շահերին չհետևող առաջարկ էր, քանի որ քրեականացումը պայմանավորված էր մի քանի խիստ պայմաններից, որոնք նույն այդ օրենքի կիրառումն անիմաստ են դարձնում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում: Նոր առաջարկը հասել է Ֆրանսիայի ծերակույտի իրավական հանձնախմբին, որը դեմ է քվեարկել: Սպասում ենք, թե ինչ է կատարվելու պլենումի քվեարկությունից հետո: Սակայն տեսնելով թուրքական և ադրբեջանական լոբբիների հետևողական գործունեության արդյունքը 2012-ի փետրվարին, առանձնապես հույսեր չեմ կապում:
-Այս առումով, ի՞նչ անելիքներ ունի Հայաստանն ու հայկական սփյուռքը և ի՞նչ ազդեցություն կունենա նման նախագծերի ընդունումը Ցեղասպանության ճանաչման հետագա ընթացքի վրա:
-Իրավաբանությունը և քաղաքականությունը լուրջ ոլորտներ են և համապատասխան մոտեցում են պահանջում: Հայ ժողովրդի մարդկային արժանապատվությունը տատանվող չի կարող լինել, այդ հարցում պետք է յուրահատուկ լրջություն ցուցաբերել, թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Եթե դա պետք եկած լրջությամբ ընդունվի, պետք է համապատասխան միավորներ ստեղծել, որոնց գործունեությունը կլինի միայն դա, սակայն դժբախտաբար այդ հասկացողություն դեռևս չենք հասել և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում:
