Մեր տված հարկերով շներին սպանդի են ենթարկում. կենդանասերների ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրին բողոքի ակցիա։ Նրանք պահանջում էին, որ ընդունվի կենդանիների պաշտպանության մասին օրենք, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման խնդիրները խնդիրները։
Նրանք պնդում էին, որ այժմ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն ընկերությունն է հաղթում, խոսքը վերաբերում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին, որին տարեկան բյուջեից տրամադրվում է 120 մլն դրամ։
Tert.am-ի հետ զրուցում «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանը նկատեց, որ «Յունիգրաֆ-Իքս»-ը զբաղված է ոչ թե կենդանիների ստերջացմամբ, այլ սպանդով։
«Պահանջում ենք, որ տարեկան ահռելի գումարներ չտրամադրվեն «Յունիգրաֆ Իքս»-ին, հիմա ստորագրահավաք ենք անում, դիմում-նամակ ենք հանձնելու վարչապետ Կարեն Կարապետյանին»,-մանրամասնեց նա։
Գոհար Մանուշակյանը նաև ասաց, որ «Յունիգրաֆ Իքսի»-ի տվյալներով իրենք 40 հազարից ավելի թափառող շների հետ են աշխատում, ինչը չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ այդքան թափառող շուն չկա. «Սա նշանակում է, որ Երևանում ամեն անկյունի վրա 4 շուն պիտի տեսնենք, նման պատկեր չկա, մեր տված հարկերը մսխում են , շներին էլ տանջում, հոգեկան աշխարհը խաթարում, վիրահատության փոխարեն սպանդի ենթարկում»։
