Եվս մեկ սխալ ընտրություն և մենք կանգնելու ենք անդառնալի կորուստների առաջ. Նաիրա Զոհրաբյան
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպում էր կազմակերպել բնակիչների հետ: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ ոչ միայն Գյումրու, այլ նաև երկրի խնդիրներին:
«Սիրելի՛ գյումրեցիներ, մեկ լոկալ քաղաքում փոփոխություն կատարելով չենք կարող ասել, որ երկրում առկա խայտառակ վիճակը, անարդարությունները, գողությունը, կոռուպցիան, համատարած խավարը կարողանալու ենք կանխել»,- ասաց նա և նկատեց, որ արտագաղթի ավտոբուսներ ավելի շատ մեկնում են Շիրակի մարզից:
Ըստ նրա՝ երկիրը հասցված է ծայրահեղ վիճակի և այսպես շարունակել չի կարելի: «Եվս մեկ սխալ ընտրություն՝ հանուն բարեկամի, մենք այլևս կանգնելու ենք անդառնալի կորուստների առաջ»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որոշումը, որը նա կայացրեց ամենադաժան օրերին՝ գնալ ընտրությունների և շարունակել ընտրապայքարը, «թասիբով գյումրեցու կայացրած որոշում է և նա այդ որոշումը կայացրել է հանուն գյումրեցու»:
Հիշեցնենք, որ Վարդևան Գրիգորյանի որդուն օրերս մահացած են գտել իրենց տան նկուղում:
«Այս տարիների ընթացքում ԲՀԿ-ն ապացուցել է, որ ինչ կարողացել է, իր հնարավորությունների սահմանում և դեռ ավելին՝ արել է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությանը, ապա, ըստ Զոհրաբյանի, բոլորն էլ գիտեն, որ ինքը գործող իշխանության թեկնածուն է: «Հիմա եթե նա ամաչում է դրանից, դա իր խնդիրն է, այդտեղ թող ՀՀԿ-ն մտածի: Մենք ոչ մի անունի տակ չենք թաքնվում»,- ասաց նա և նկատեց, որ բոլոր ընտրություններին գյումրեցին ցույց է տվել, որ հնարավոր չէ իրեն կաշառել, վախեցնել:
