Հռոմի պապը ռազմական նպատակներով ատոմային էներգիայի կիրառումը հանցագործություն է անվանել
Ատոմային էներգիայի օգտագործումը ռազմական նպատակներով անբարոյական է և հանցագործություն է հանդիսանում, ինչպես և միջուկային զենքի տիրապետելը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը` Հիրոսիմայում Խաղաղության հուշահամալիր այցի ժամանակ:
«Վճռականությամբ ցանկանում եմ ընդգծել, որ ատոմային էներգիայի կիրառումը ռազմական նպատակներով այսօր, ինչպես երբևէ, հանցագործություն է ոչ միայն մարդկության, այլև մեր ողջ ընդհանուր տան ապագայի հանդեպ»,- ասել է քահանայապետը:
«Ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղության մասին՝ նորանոր կատարյալ զենքեր ստեղծելով»,- նկատել է Հռոմի պապը՝ կոչ անելով հիշել 75 տարի առաջ Հիրոսիմայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները:
Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա էր շուրջ 1000 բնակիչ, որոնց թվում՝ ռմբակոծությունից փրկված տասնյակ մարդիկ: Նախօրեին Հռոմի պապն այցելել է նաև Նագասակի: