Նյու Յորքում տղամարդն իր շան հետ փրկել է լճակի սառած ջրերում մնացած երկու շներին (տեսանյութեր)
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում տեսանկարել են տղամարդու, որն իր շան հետ նետվել է լճակի սառած ջրերի մեջ՝ փրկելու այնտեղ մնացած երկու շներին:
Ինչպես նշում է Fox News-ը, տեսանյութերի հերոսը Տիմոֆեյ Յուրիևն է: Նա կնոջ՝ Մելիսայի և Կիրա անունով շան հետ զբոսնելիս է եղել լճակի մոտակայքում, երբ նկատել է, թե ինչպես են շները, փորձելով անցնել սառած լճակի վրայով, ջուրն ընկել:
Տղամարդը, օգնության չսպասելով, նետվել է ջուրը՝ կենդանիներին դուրս բերելու: Կիրա անունով շունը հետևել է տիրոջը: Նրանք կոտրել են լճակի մակերևույթին առաջացած սառույցը և անվնաս դուրս բերել երկու շներին:
Տեսանյութերը հրապարակվել են Facebook-ում՝ Տիմոֆեյի կնոջ կողմից: Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ մեծացել է Ուզբեկստանում և երեխա ժամանակ սովորել է լողալ սիբիրյան սառը ջրերում:
«Սկզբում շնչառական վարժություն գործի դրի, և ամեն ինչ լավ էր, իսկ հետո մի փոքր գլուխս պտտվեց և, չնայած դրան, վերադարձա երկրորդ շան հետևից»,- ասել է տեսանյութերի հերոսը: