Տավուշում կինը մեղադրվում է թոռանը սպանելու մեջ. գործը դատարանում է
Սեպտեմբերի 27-ին Տավուշում նորածնի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան: Նորածնի սպանության մեջ մեղադրվում է նրա տատը:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Բերդի դատարան և ընդունվել դատավոր Զոյա Զաքինյանի վարույթ:
Ըստ մեղադրանքի նորածնի տատը՝ Հրածին Փայտյանը, 2017թ սեպտեմբերի 27-ին, ժամը 02:00-ի սահմաններում Նորաշենում իր աղջկա՝ արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու դրդապատճառով, դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել է 36-38 շաբաթական տարիքում ծնված նորածին երեխային: Այնուհետև Հրածին Փայտյանը, նորածնի դիակը փաթաթել է պոլիէթիլենային պարկի մեջ գցել արտաքնոցի փոսի մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով:
Հրածին Փայտյանը կալանավորված է: