Բացարձակ «բեսպրեդել» է, շինծու մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի անդամներին, փորձելու են մեր ինքնությունը պահպանող ուժերին, անհատներին շարքից դուրս հանել․ Իշխան Սաղաթելյան
Ակնհայտ է, որ բացարձակ «բեսպրեդել» է տեղի ունենում մեր երկրում, կեղծ և շինծու մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի ցուցակում գտնվողներին, նրանց, ովքեր դաշինքի կողքին են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետի կալանքի միջնորդության քննությանը։
«Մասնավորապես, արշավ են սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների նկատմամբ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Մեր երկրում դատախազը, քննիչը, Ոստիկանություն մեկ մարդ է՝ երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են ազգադավ իշխանության դեմ, և այս պայքարում վերջնահաշվարկով չեն կարող հաղթանակ ունենալ։ Ըստ նրա՝ իշխանության գլխավոր նպատակներից մեկն է, որ ջարդեն մեր երկրի դիմադրողականությունը։
«Պատահական չէ, որ այս ամենը կատարվում է Սյունիքում, պատահական չէ, որ լավագույն զինվորականներին հեռացնում են, ես անմիջականորեն կապում եմ այն իրադարձությունների հետ, որոնք առաջիկայում սպասվում են Հայաստանում։ Իրենք փորձելու են մեր ինքնությունը, ժողովրդի դիմադրողականությունը պահող, պահպանող ուժերին և անհատներին շարքից դուրս հանել, սա ծրագիր է մեր երկրի և պետության դեմ»,– ասաց նա։