Ուգանդայում ավելի քան 800 մարդ կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ է ստացել․ հնարավոր է՝ այն սովորական ջուր է եղել
Ուգանդայում ավելի քան 800 մարդ կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութ է ստացել, նրանցից ոմանք արդեն մահացել են համավարակի 2-րդ ալիքի ընթացքում, հայտնում է Daily Monitor-ը՝ հղում տալով առողջապահության մշտադիտարկման բաժնին։
Բաժնի ղեկավար Վալլեն Նամարան ասել է, որ կասկածյալների թվում է նաև մի բժիշկ, որն այժմ փախուստի մեջ է գտնվում։ Կասկածյալ խումբը խափել է բնակիչներին և մի շարք ընկերությունների՝ մայիսի 15-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում կեղծ պատվաստանյութեր ներարկելով։
Իշխանությունները ձերբակալել են 2 բուժքույրերի, որոնք գումարի դիմաց ներարկումներ են արել։
Նամարան նշել է, որ տուժող քաղաքացիները մտահոգվելու կարիք չունեն, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատվաստանյութի փոխարեն ջուր է լցված եղել գողացված ամպուլաների մեջ, և հավելել, որ դեղերի փաթեթավորումը չի համապատասխանում պետական նմուշներին: Հաստատվել է, որ դրանք ներմուծված պատվաստանյութ չեն։
