«Առավոտ»․ Ինչպե՞ս եղավ, որ մեր հայրենիքի զգալի մասի և հազարավոր հայորդիների կորուստը, ադրբեջանական բանակի Հայաստանի տարածք ներխուժումը մարդկանց համար պակաս կարևոր է, քան ինչ-որ այլ հարցեր
«Ընտրությունների արդյունքներն ամփոփելիս` պետք է պատասխանել բազմաթիվ հարցերի, որոնց թվում, կարծում եմ, առաջնայինը հետևյալն է: Ինչպե՞ս ստացվեց, որ իշխանական ընտրազանգվածի ներկայացուցիչներն ասում են՝ «ավելի լավ է՝ Հայաստանը դառնա Թուրքիայի մաս, բայց Նիկոլը մնա, թե չէ կգան նախկինները»: Այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եղավ, որ մեր հայրենիքի զգալի մասի և հազարավոր հայորդիների կորուստը, ադրբեջանական բանակի Հայաստանի տարածք ներխուժումը մարդկանց համար պակաս կարևոր է, քան ինչ-որ այլ հարցեր:
Նախ պետք է ընդունենք, որ այդ երևույթը նոր չէ: Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա և անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի և զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը:
Ճիշտ նույն ձևով 2021 թվականին քաղաքացիների մեծ մասը չկարևորեց խայտառակ պարտությունն ու կորուստները: Այն լիդերը, այն քաղաքական ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ, դարձյալ ստացավ ձայների մեծամասնությունը: Ուրեմն՝ հայրենիքը, նրա անվտանգությունը չեն մտնում մարդկանց առաջնահերթությունների մեջ: Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու արբանյակները խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպես պետք է վերականգնել Արցախի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հոգ տանել տասնյակ հազարավոր փախստականների մասին. նրանց թեման է վեթինգը, լյուստրացիան, «պողպատե մանդատը», պատժելը, վրեժ լուծելը: Ինչո՞ւ են իշխանական շրջանակներն այդ ամենի մասին խոսում:
Շատ պարզ. որովհետև այդպիսին է հասարակական պատվերը, նրանք ասում են այն, ինչ իրենց լսարանն է պահանջում: Նման իրավիճակի անմիջական պատճառը պարզ է. մարդիկ վրդովված են, խորապես նեղացած են այն ստորացումներից, ապօրինություններից, կամայականություններից, որոնք եղել են նախորդ տասնամյակների ընթացքում: Բայց դա չի կարող ամբողջությամբ բացատրել, թե ինչու քաղաքացիների ստվար հատվածի համար այդ նեղվածությունը և վրեժի ծարավն ավելի կարևոր են, քան պետությունն ու հայրենիքը: Խնդիրն ավելի խորն է և արժեքային համակարգի մեջ է:
Այս 30 տարվա ընթացքում դպրոցի ուսուցիչները, բուհի դասախոսները, արվեստագետները, գիտնականները և, իհարկե, մենք՝ լրագրողներս, չենք կարողացել ապահովել քաղաքացիական գիտակցության գոնե այն մակարդակը, որը կար, ի հեճուկս պաշտոնական գաղափարախոսության, նախորդ դարաշրջանում: Հոգևոր կյանքի այն ինտենսիվությունը, որը կար Հայաստանում 1970-80 թվականներին, բերեց 88 թվականի Շարժմանը. այդ շարժումը ինչ-որ բաներ մերժելուց բացի, ուներ ավելի կարևոր առաքելություն՝ հաստատում էր պետականությունը և Արցախի ազատագրումը: Հետո եկան համընդհանուր մերժման, ատելության, նիհիլիզմի տասնամյակները, որոնց արտահայտման գագաթնակետն է դարձել այս իշխանությունը:
Բայց այդ դարաշրջանն էլ, կարծես թե, մոտ ժամանակներս ավարտվելու է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
