Մահացել է Ռուսաստանի ամենատարեց բնակիչը. նա 128 տարեկան էր
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում 128 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ամենատարեց բնակիչը համարվող Նանու Շաովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հայտնի է, որ Շաովան 2017 թվականին ընդգրկվել էր ՌԴ ռեկորդների գրքում՝ որպես երկրի ամենատարեց բնակիչ:
Անցյալ տարվա ապրիլին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Նանու Շաովայի որդին՝ Հուսեյին Շաովը, հայտնել էր, որ իր մայրն ունի 8 երեխա, 19 թոռ, 33 ծոռ և 7 ծոռի երեխա, ընդհանուր առմամբ նրա ժառանգները կազմում են 67 հոգի:
Նշվում է, որ Շաովայի մահից հետո ՌԴ ամենատարեց բնակիչ կհամարվի 118 տարեկան կին, որը ծնվել է 1900 թվականին: Կենսաթոշակային հիմնադրամից նրա անունը չեն հայտնում՝ հաշվի առնելով անձնական տվյալների գաղտնիության օրենքը:
