Խորհրդարանական ընդդիմությունն անընդունելի է համարում մարզպետների կողմից ինքնապարգևատրումների որոշումը
Նշենք, որ մամուլը տեղեկությունն էր տարածել, որ Արարատի, Սյունիքի և Արմավիրի մարզպետները ոչ միայն մարզպետարանների աշխատակիցներին, այլև իրենք՝ իրենց խոշոր պարգևավճարներ են սահմանել: Ըստ «Հետք»-ի, օրինակ, Արարատի մարզպետն, ինքն իրեն պարգևատրել էր աշխատավարձի 104.5 տոկոսի չափով։
Պարբերականը նշել է, որ մարզպետի աշխատավարձը կազմում է ավելի 660 հազար դրամ, իսկ պարգևատրումը տվյալ դեպքում կազմել է ավելի քան 690 հազար դրամ:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, շեշտեցին՝ մարզպետների կարգադրություններն անընդունելի են:
«Այո՛, մեզ համար սա անընդունելի է։ Ես կարծում եմ, որ այս աղմուկից հետո մարզպետները գոնե կվերանայեն իրենց մոտեցումները, որովհետև պետական բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարներ այլն էլ դեռ տարի չաշխատած հանրային ծառայողների համար, ես կարծում եմ, որ դա թույլատրելի է», - ասաց Սամսոնյանը։
«Մարզպետն ինքն իրեն չպետք է պարգևատրի»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում նույնպես անընդունելի են համարում մարզպետների այս կարգադրությունները:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն, ով նախկինում Վայոց Ձերի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ինքնապարգևատրումն օրենքով արգելված չէ, բայց կա հարցի բարոյական կողմն, այդ իսկ պատճառով ինքն իրեն պաշտոնավարման երկու տարիների ընթացքում երբևէ չի պարգևատրել:
«Որպես կանոն, մարզպետն ինքն իրեն չպետք է պարգևատրի՝ զուտ բարոյական իմաստով, հոգեբանական իմաստով։ Դրանով դու շեշտում ես քո ուշադրությունը, հոգատարությունը պետության նկատմամբ։ Ամենաստորին օղակներին պետք է պարգևատրել, ովքեր որ ցածր աշխատավարձ են ստանում, միայն նրանց պետք է պարգևատրե», - ասաց Բագրատյանը՝ շարունակելով. - «Ես ինձ երբեք չեմ պարգևատրել»։
Հարցին, թե գումարի կարիք չունի՞, Վայոց Ձորի նախկին մարզպետը պատասխանեց. - «Գումարի կարիք բոլորն ունեն, բարոյականության կարիք պետք է ունենալ»։
«Մարզպետներն ավելի համեստ պետք է գտնվեին իրենց պարգևավճար տալու առումով»
Ուշագրավ է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ հասկանում է հանրության դժգոհությունը, և նույնպես կարծում է, որ այստեղ խնդիր կա:
«Մարզպետարանի աշխատակիցներն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ունեին ակնկալիք ամանորից առաջ պարգևավճար ստանալու, և դա տրվել է օրենքի սահմաններում, այլ բան, որ գուցե մարզպետներն ավելի համեստ գտնվեին իրենք իրենց պարգևավճար տալու առումով՝ կա՛մ չպարգևատրեին, կա՛մ քիչ պարգևատրեին», - ասաց Նազարյանը։
Ի դեպ նկատենք, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Լիլթն Մակունցն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում այս խնդրի շուրջ քննադատություն չհնչեցրեց՝ ընդամենը շեշտեց՝ որքան իրեն է հայտնի մարզպետները գործել են օրենքի սահմաններում։
