Եթե կարծում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները, ղեկավար մարմինը չպետք է իրեն պարգևատրի, ապա պետք է հանել օրենքից այդ դրույթը. Լ. Մակունց
Որքանով ես տեղյակ եմ, մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով և չեն գերազանցել իրենց լիազորությունները. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ 6-7 ամիս աշխատած մարզպետներն իրենք իրենց պարգևատրել են:
«Եթե խոսում ենք ընդհանուր առմամբ, ապա պետք է իմանալ, որ պարգևատրումները միայն մարզպետարաններում չեն եղել, եղել են պետական բոլոր մարմիններում՝ ԱԺ-ում, նախորդ ԱԺ-ում, պետք է հասկանալ, որ ընդունում ենք այդ մոտեցումը մի կառույցի համար նորմալ, իսկ մյուսի համար՝ ոչ»,-ասաց նա:
Պարգևատրման ինստիտուտի մասին խոսելով՝ նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հաճախությամբ ենք դրանք լինում: «Այստեղ խնդիրը ցածր աշխատավարձերն են, նաև լավագույն աշխատողները, իհարկե, խրախուսման, պարգևատրումների կարիք ունեն: Մարզպետն ինքն իրեն պարգևատրում է, դա օրենքի լիազորությունների շրջանակներում է»,-ասաց նա:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ այլ հարց է, թե ինքը սուբյեկտիվորեն ինչ կարծիք ունի: Մակունցը նշեց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել: «Եթե օրենքը թույլ է տալիս, և որևէ արգելք չկա, դեմ խոսել չեմ կարող: Եթե կարծում ենք՝ պետք է սահմանափակել պարգևավճարները, ղեկավար մարմինը չպետք է իրեն պարգևատրի, ապա պետք է հանել օրենքից այդ դրույթը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ օրինակ՝ Արարատի մարզպետը գյուղապետ եղած ժամանակ այլ մոտեցում ուներ, և այստեղ հաշվի չեն առնում հանրության ընկալումը, Մակունցն արձագանքեց, որ հանրության ընկալումը չափազանց կարևոր է իրենց համար: «Եվ երբ ասում ենք, որ պետք է հարցը քննարկենք և սահմանափակումներ մտցնենք օրենքի դաշտում, դա նկատի ունենք, որ հանրության ընկալումը պետք է հաշվի առնել»:
Ինչ վերաբերում է զուգահեռ գործընթացին, մարզպետարանների հաստիքացուցակների կրճատմանը, Լիլիթ Մակունցն ասաց, որ սկզբունքը միտված էր արդյունավետ կառավարմանը:
