«Դուք մեծ հայրենասերներ եք». Թրամփը շնորհակալություն է հայտնել «շաթդաունի» պատճառով առանց վարձատրության աշխատող մարդկանց
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում դաշնային աշխատողներին ուղղված գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր կառավարության «շաթդաունի» պայմաններում աշխատանքի են գալիս՝ առանց վարձատրության:
«Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր առանց վարձատրվելու ջանասիրաբար աշխատում են հանուն երկրի՝ շնորհակալ եմ, դուք մեծ հայրենասերներ եք»,-գրել է նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամերիկացիները պետք է համախմբված աշխատեն, որպեսզի տասնամյակներ տևած բռնությունիից հետո վերջ տան երկրի հարավային սահմանին տիրող մարդասիրական, հանցավորության ու թմրանյութերի ճգնաժամին:
«Մեր հաղթանակը մեծ է լինելու»,-հավելել է Թրամփը:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը 2018թ. դեկտեմբերի 22-ից մասամբ չի աշխատում, քանի որ Թրամփը հրաժարվում է ստորագրել բյուջետային օրինագիծը: Նախագահն իր ստորագրության դիմաց Կոնգրեսից պահանջում է 5,7 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման նախագծին, մինչդեռ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն ընդդիմանում են:
Ըստ Daily Mail-ի տվյալների՝ մոտ 800 000 դաշնային աշխատող ստիպված է կա՛մ առանց գումար աշխատել, կա՛մ էլ չվճարվող արձակուրդ գնալ:
Հայտնի է, որ սա ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկար «շաթդաունն» է, որը շարունակվում է արդեն 31 օր: Նախկինում ռեկորդակիր էր համարվում Բիլ Քլինթոնի ղեկավարման օրոք տեղի ունեցած «շաթդաունը», որը տևել էր 21 օր:
