Ջիլիան Անդերսոնը «Թագը» հեռուստասերիալում կմարմնավորի Մարգարետ Թետչերին
Հոլիվուդյան դերասանուհի Ջիլիան Անդերսոնը, որը հայտնի է «Գաղտնի նյութեր» և «Ամերիկյան աստվածներ» հեռուստասերիալների շնորհիվ, կնկարահանվի «Թագը» հեռուստասերիալի հաջորդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետին՝ Մարգարետ Թետչերին:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ The Daily Mail-ին հղումով, դերասանուհին, որին ամենամեծ հայտնիությունը բերել է «Գաղտնի նյութերում» ՀԴԲ-ի կարմրահեր գործակալ Դանա Սքալիի դերը, կհայտնվի հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կմեկնարկեն 2019 թվականի ամռանը, իսկ կթողարկվի այն 2020 թվականին:
«Թագը» հեռուստասերիալի նկարահանումներն սկսվել են 2015 թվականին: Այն Netflix ծառայության նախագիծն է և պատմում է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մասին՝ սկսած 1947 թվականից: Միապետուհու կերպարն առաջին և երկրորդ եթերաշրջաններում մարմնավորել է դերասանուհի Քլեր Ֆոյը, իսկ երրորդ և չորրորդ եթերաշրջաններում՝ Օլիվիա Քոլմանը:
