Թրամփն ու Էրդողանը քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության ապահովման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են շարունակել փնտրել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության ապահովման խնդրի լուծումը: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով:
«Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել փնտրել համաձայնեցված լուծում Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության ապահովման համար: Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման փոխադարձ հետաքրքրվածության հարցը», - ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Նախագահ Էրդողանը ցավակցություններ է հայտնել այս շաբաթ սիրիական Մանբիջում ամերիկացիների ողբերգական մահվան կապակցությամբ: Նախագահ Թրամփն ընդգծել է Սիրիայում դեռ մնացած ահաբեկիչների ամբողջական ոչնչացման կարևորությունը», - հայտնել է ամերիկյան վարչակազմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ, Reuters գործակալությունը հայտնել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է անմիջապես ստանձնել Մանբիջում անվտանգության ապահովման պարտավորությունը:
