«Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է. Daily Mail
20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը, ծանր հիվանդ է ու գտնվում է մահամերձ վիճակում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կինը գտնվում է Դետրոյթում՝ ընտանիքի անդամներով շրջապատված:
Յոթանասունվեցամյա աստղի հարազատները խնդրել են երկրպագուներին աղոթել նրա համար:
Հայտնի է, որ Ֆրանկլինը վերջին մի քանի տարվա ընթացքում պայքարում է առողջական լուրջ խնդիրների դեմ: Նախորդ տարի նա չեղարկել էր մի շարք համերգներ, քանի որ բժիշկները երգչուհուն արգելել էին բեմ բարձրանալ:
Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսին:
Հայտնի է, որ Ֆրանկլինն ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ծխելու հետ խնդիրներ է ունեցել: 2011թ. լուրեր են տարածվել, որ նա քաղցկեղով է հիվանդ, սակայն երգչուհին հերքել է դա:
Հավելենք, որ Արետա Ֆրանկլինը եղել է Ռոքնռոլի փառքի սրահում ներկայացված առաջին կինը: Նա արժանացել է 20 «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի:
