Հայտնի թուրք մտավորականը մոտ 2000 դոլար տուգանք կվճարի Էրդողանին վիրավորելու համար
Հայտնի թուրք մտավորական Ահմեդ Ալթանը խոշոր դրամական տույժի կենթարկվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Իր հոդվածներից մեկում Էրդողանին քննադատած Ալթանը դատարանի որոշմամբ ստիպված կլինի 7000 թուրքական լիրա (մոտ 2000 դոլար) վճարել երկրի նախագահին անձնական վիրավորանք հասցնելու համար:
Դատական նիստին ներկա Ալթանը չի ընդունել իր մեղքն ու նշել է, որ իր քննադատությունն անձնական բնույթ չի կրել և կապ չի ունեցել նախագահի անձի հետ:
«Որևէ բան ավելացնելու ցանկություն չունեմ: Էրդողանի փոխարեն ով էլ լիներ՝ նույն քննադատությունը կանեի: Նրա անձի հետ դա կապ չունի», - ասել է մտավորականը:
Հիշեցնենք, որ Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը: Նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար: Հայտնի է, որ անցած 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:
