«Հեռահար նպատակ ունենք «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի կառուցումից հետո այն դարձնել միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն. ՊՆ պաշտոնյա
«ԶԱՌ» ռազմական ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է երկկողմ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների շրջանակներում,որի նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն. «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների բացմանը նվիրված քննարկմանը խոսելով «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի նշանակության մասին՝ այսպես ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«Մենք հեռահար նպատակ ունենք ուսումնական կենտրոնի կառուցումից հետո այն սերտիֆիկացնել և դարձնել միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այս տարի ավարտվեց շինարարության առաջին փուլը, և դեռևս կա մի քանի փուլ, որպեսզի պատրաստ լինի կենտրոնը,- ծրագրվում է կենտրոնում տեղակայել խաղաղապահ վարժությունների համար սարքավորումներ, տեխնիկական միջոցներ»:
Լևոն Այվազյանի խոսքով՝ արդեն հաջորդ տարի նրանք ծրագրում են զորավարժություն անցկացնել:
«Այդ զորավարժությունը ազգային է, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան է անցկացվելու: Կենտրոնի նպատակն այն է, որ ունենանք խաղաղապահ գործողությունների վարժանքի ազգային կարողություններ, քանի որ մինչ օրս մեր խաղաղապահները իրենց զորավարժություններն անցկացնում են արտերկրում»,-ասաց նա։
