ԱՄՆ Պետդեպը բարձր մակարդակով մտահոգություն է հայտնել խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակման առթիվ
ԱՄՆ Պետքարտուղարությունը ուրբաթ հայտարարություն է տարածել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության անձնակազմի գործողությունները Վաշինգտոնում բնութագրելով որպես «խորապես մտահոգիչ»:
«Պետքարտուղարությունը բարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտահոգությունը կատարվածի առթիվ»,- Reuters-ի փոխանցմամբ` ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Էրդողանի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ թուրքամետ խմբի ու Էրդողանի թիկնազորի անդամները հարձակվել են խաղաղ ցույց իրականացնող քրդական և հայ համայնքի ներկայացուցիչների վրա:
Նշենք, որ նախօրեին այս միջադեպին արձագանքել են ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ` պահանջելով Թուրքիայից ներողություն խնդրել: Սենատոր ՄքՔեյնն, իր հերթին, կոչ է արել արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: