Չինացի գործարարը 21-րդ անգամ կփորձի համալսարան ընդունվել
Չինացի գործարար Լյան Շին հունիսին 21-րդ անգամ ընդունելության քննություն կհանձնի համալսարանում:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը, հայրենիքում գործարարին տվել են «ամենախելագար դիմորդ» մականունը: Ներկայում նա առավոտից երեկո պարապում է քննությունների համար, որոնք անցկացվելու են հունիսի 7-9-ը:
«Առանց համալսարանական կրթության կյանքը լիարժեք չէ», - աղբյուրը մեջբերում է չինացի գործարարին:
Առաջին անգամ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու փորձ տղամարդը կատարել է 1983-ին, սակայն չի հավաքել անհրաժեշտ միավորները: Նշվում է, որ նրա որդին արդեն ստացել է բարձրագույն կրթություն:
Անցյալ տարի նա անհրաժեշտ 750 միավորից հավաքել էր 453-ը:
2001-ին երկրի իշխանությունները վերացրել են համալսարան ընդունվելու տարիքային սահմանափակումը: Մինչ այդ համալսարան կարող էին ընդունվել մինչև 25 տարեկան անձինք: