Սերժ Թանկյանը կգրի «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի սաունդթրեքը
Ամերիկյան System of a Down ռոք խմբի հայազգի առաջնորդ Սերժ Թանկյանը կդառնա ռուսական «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմի կոմպոզիտորը՝ գրելով դրա սաունդթրեքը: Այս մասին հայտնում է Central Partnership ընկերության մամուլի ծառայությունը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում երազել եմ նման նախագծի մասին: Միացնել մեծ նվագախումբ, խենթ ռոք և ժողովրդական երաժշտական մոտիվներ», - ասել է Սերժ Թանկյանը:
Նշվում է, որ սաունդթրեքի գործիքային հատվածների ձայնագրությանը կմասնակցի System of a Down-ի ամբողջական կազմը:
«Սերժ Թանկյանը, հավանաբար, աշխարհի միակ երաժիշտն է, որը կարող է իր արվեստի մեջ ժամանակակից ռիթմերը համադրել քնքշության հետ», - ասել է ֆիլմի պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևը:
Հայտնի է, որ ռեժիսոր Իվան Շուրխովեցկու ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի 30-ին: Ֆիլմի գլխավոր դերերում խաղացել են Իլյա Մալակովը, Ալեքսեյ Սերեբրյակովը, Ալեքսանդր Իլյին Կրտսերը և Յուլիա Խլինինան: Ֆիլմը կներկայացնի Բաթու խանի՝ Ռուսիայի վրա հարձակվելու պատմությունը: