Երևանի ավագանու ընտրություններում համոզիչ հաջողություն է արձանագրում ՀՀԿ-ի թիմը՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ. Է. Շարմազանով
Երևանի ավագանու ընտրությունները մրցակցային էին, սակայն Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պրոֆեսիոնալիզմը, վստահությունն ու իրականացրած աշխատանքն այլընտրանք չունեին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ շտաբի ղեկավար, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով ընտրությունների նախնական արդյունքները:
«Ընտրությունները գնահատում ենք դրական, ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Ընտրությունների նախնական արդյունքները տպավորիչ են, գոհացնող ու կանխատեսելի, որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է ընտրական գործընթացներում: Այդ ամենով հանդերձ` մենք ակնկալում էինք մեր երևանցիների վստահության 70 տոկոսը»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները դեռևս ամբողջությամբ ամփոփված չեն, բայց ձայների ճնշող մեծամասնությունը հաշվարկված է. «Կարող ենք արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, և այդ ընտրություններում համոզիչ հաջողություն է արձանագրում ՀՀԿ-ի թիմը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ»:
Շարմազանովը նաև շնորհակալություն հայտնեց մրցակիցներին՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությանն ու «Ելք»-ին՝ հույս հայտնելով, որ ապագա ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ արդյունավետ կաշխատի հանուն Երևանի:
«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս ընտրություններն արձանագրեցին մեր ժողովրդավարական բարեփոխումների անշեղ ընթացքը»,-եզրափակեց Շարմազանովը: