Զարուհի Փոստանջյանը պահանջում է ցույց տալ ցուցակները, շտաբի աշխատակիցը՝ մերժում. Ավանում ՀՀԿ շտաբ են հրավիրվել իրավապահները
Երևանի ավագանու թեկնածու, « Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ահազանգ է ստացել, որ Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութեր կան պահված:
Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Զարուհի Փոստանջյանը, պահանջելով ցույց տալ բոլոր փաստաթղթեր, որոնք պահված են դարակում:
Նշված տարածք այցելեց նաև ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը, ով ասաց, որ Զարուհի Փոստանջյանն իրավունք չունի մտնելու մի տարածք և փաստաթղթեր պահանջելու.«Դա իր իրավասությունների մեջ չէ»:
Անձը, ով հրաժարվում էր ցույց տալ ցուցակները, ասաց. «Ցուցակն իմ հանրապետական ընկերների ցուցակներն են: Ես չեմ վախենում, բայց Փոստանջյանն իրավունք չունի դրանք ինձնից պահանջելու: Եկել են, քաշքշել են»:
«Դուք իրավունք չունեք իմ երեխաների ապագան կեղծելու, ձեր վրա ոչ ոք չի հարձակվել, դուք եք հարձակվել, ուղեգիր ենք վերցնելու ու դիմենք բժշկի»,-ասաց Փոստանջյանը:
Տարածք հրավիրվեցին նաև ոստիկանության ծառայողները, որոնց Մանվել Ջավադյանը հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանը խոչընդոտում է շտաբի աշխատանքները.«Վիրավորել են նաև շտաբի աշխատակցին, պատռել շորերը»:
Փոստանջյանն իրավապահներին ասաց, որ իրենք եկել են ՀՀԿ-ի շտաբ՝ ահազանգի հետքերով. «Մենք երբ եկանք, փաստաթղթերը պահեցին»:
ՀՀԿ-ի շտաբի աշխատակիցն ասաց, որ շտաբ է հրավիրվել նաև քննչական խումբ, ինչից հետո Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այդ փաստաթղթերը բացվելու են իր, իրավապահների ու լրատվամիջոցների ներկայությամբ:
«Դուք չեք եկել թշնամու բանակը գրավեք, չեք եկել թշնամու զորքը գրավելու, շորերս ճղելը որն է, ոչ ոք իրավունք չունի գա վիրավորի, հետո ասի՝ ինչ եմ արել որ»,–ասաց շտաբի աշխատակիցը:
Ներկայացավ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետը, ով ասաց, որ միջադեպի հետ կապված ահազանգ ունեն և խնդրեց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքները, բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվելու են: