Մադուրոն հեռացրել է Վենեսուելայի առողջապահության նախարարին` մոր և մանկան մահացության դեպքերի աճի պատճառով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնից հեռացրել է երկրի առողջապահության նախարար Անտոնիետա Կապորալեին:
CNN-ի հաղորդմամբ` այս որոշումը հետևել է վերջին երկու տարում կառավարության կողմից առողջապահության տվյալների առաջին հրապարակմանը, որի համաձայն մանկան և մոր մահացության դեպքերը բավականին մեծ ցուցանիշ են գրանցել:
Երկրի փոխնախագահն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ դեղագործ Լուիս Լոպեսը Մադուրոյի հրահանգով փոխարինում է նախարար Կապորալեին:
Ըստ առողջապահության նախարարության ներկայացրած զեկույցի` 2016-ին մալարիայով հիվանդանալու 240 000 դեպք է գրանցվել, որը 76 տոկոսով ավելին է նախորդ տարվա համեմատ: Մոր մահացության դեպքերն ավելացել են 66 տոկոսով` հասնելով 756-ի: Անցյալ տարի 11 466 նորածին է մահացել երկրում, որը 30 տոկոսով ավելին է, քան 2015-ին: