Մենք հրթիռային համակարգին վաղուց պետք է անցնեինք` չմոռանալով ցանցային համակարգը. Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը դրական է համարում հակակարկտային ոլորտում հրթիռային պաշտպանության նոր եղանակի ներդրումը: «Հրթիռային արկերը 70-80 տոկոս էֆեկտիվություն ունեն և գործող սարքերին գերազանցում են երկուսից երեք անգամ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը:
Նշենք, որ կառավարության վերջին նիստում կառավարության հավանությանն արժանացավ հակակարկտային ոլորտում հրթիռային պաշտպանության նոր եղանակի ներդրման աշխատանքներին վերաբերող որոշման նախագիծը:
Հրաչ Բերբերյանը միակ վտանգն այն համարեց, որ հրթիռները պետք է տեղադրվեն 20-30 կմ հեռու: «Մենք հրթիռային համակարգին վաղուց պետք է անցնեինք` չմոռանալով ցանցային համակարգը: Պետական չինովնիկներ կան, որոնք ցանկանում են ուռճացնել հաշվարկները և հայտարարել են, թե մեկ հեկտար ցանցապատումը արժե 20-30 հազար դոլարը, ինչը սուտ է, արժե 2-3 հազար դոլար: Տասն անգամ ուռճացված թվեր էին ասում, քանի որ խուսափում են ցանցային համակարգի ներդրումից»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ գործող համակարգը, միանշանակ, պետք է փոխել. «Վերջապես հասանք նրան, որ հրթիռային համակարգը ներդրվի: Այն ծախսերը, որոնք կարվեն հրթիռային համակարգի համար, ավելի մեծ շահութաբերություն կբերեն»,-ասաց նա: