Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը և ԵԽ-ի սոցիալ-դեմոկրատական խմբակցության նախագահն այցելել են Էրդողանի ռեժիմի դեմ հացադուլ հայտարարած ուսուցիչներին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության հատուկ պատվիրակության և Եվրախորհրդի սոցիալ -դեմոկրատական խմբակցության նախագահ Ջիաննի Պիտելլայի հետ միասին այցելել է Անկարայում իշխանությունների վարած քաղաքականության դեմ դուրս գալով հացադուլ հայտարարած թուրք ուսուցիչներին:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Դողանի մամուլի ծառայությունից:
Թուրքիայի նախարարների խորհրդի կողմից երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում կայացված որոշման հետևանքով իրենց աշխատանքից զրկված ուսուցիչները օրեր շարունակ շարունակում են բողոքի ակցիան՝ անտեսելով բժիշկների՝ մահվան սպառնալիքի մասին զգուշացումները:
Հանդիպման ժամանակ Պիտելլան հայտնել է, որ իրենք մշտապես կողմ են արտահայտվել Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալուն, սակայն չեն կարող չտեսնելու տալ նման դեպքերը:
«Հազարավոր քաղաքացիների այդ թվում և քաղաքական գործիչների, փաստաբանների, ուսուցիչների, լրագրողների առանց լուրջ հիմքերի կալանավորումն անընդունելի է», - հայտարարել է իտալացի քաղաքական գործիչը: