Google-ը 6.75 մլն դոլար տուգանք է վճարել Ռուսաստանին
Google ընկերությունը 438 մլն ռուբլու (6.75 մլն դոլար) չափով վարչական տուգանք է վճարել հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը:
Ինչպես հաղորդվում է, հակամարտությունն ավելի քան երկու տարի է տևել. 2015-ի փետրվարին ռուսական «Յանդեքս» ընկերությունը բողոք է ներկայացրել Google-ի դեմ` ընկերությանը մեղադրելով Android օպերացիոն համակարգի հավելվածների շուկայում իշխող դիրքի չարաշահման մեջ:
2015-ի աշնանը Ռուսաստանի Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը «Յանդեքսի» պահանջը արդարացի է ճանաչել և պահանջել է ամերիկյան ընկերությունից վերացնել խախտումները:
Google-ը և ՌԴ ծառայությունը 2017-ի ապրիլին խաղաղության համաձայնագիր են կնքել` վերջ դնելով դատական գործընթացներին: Որոնողական հսկան պարտավորվել է 438 մլն ռուբլի վճարել: