Արևմտյան երկրները ցանկանում են միջազգային գերակայություն հաստատել սիրիական պատերազմի միջոցով. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծիք է հայտնել, որ Սիրիայում ստեղծված դեէսկալացիոն գոտիները իրական հնարավորություն են ընձեռում հակամարտության քաղաքական կարգավորման համար: Այս մասին սիրիացի առաջնորդը հայտնել է բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իրավիճակը սրելու ցանկացած փորձ կկանխվի սիրիացի և ռուս զինվորականների կողմից` Իրանի և «Հեզբոլլահ» շարժման աջակցությամբ», - ասել է Ասադը: Անվտանգության գոտիներ ստեղծելու մասին հուշագիրն Աստանայում կնքելու ռուսական կողմի նախաձեռնությունն Ասադը «ճիշտ» է անվանել:
«Պատերազմը, որը մեր ժողովուրդը մղում է, ուղղված է ոչ միայն ահաբեկչության դեմ Սիրիայում, այլև նրանց դեմ, ովքեր աջակցում են ահաբեկչությանը: Ահաբեկչությունն ընդամենը գործիք է որոշ արևմտյան երկրների համար», - հավելել է Ասադը:
Նրա խոսքով`որոշ արևմտյան երկրներ ցանկանում են «նույնպիսի համաշխարհային գերակայություն հաստատել, ինչպես և նացիստներն իրենց ժամանակին»: