Խոսք է եղել դիտորդներին ֆինանսական խրախուսում տրամադրելու մասին, ինչն ընթացքի մեջ է. Լուսինե Հակոբյան
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացրած անձանց եղել է ֆինանսական խրախուսանքի խոստում և հիմա վճարումներն ընթացքի մեջ են:
Նա անդրադարձավ դատախազության ներկայացուցչի այն հայտարարությանը, թե իրենք ստացել են դիմում, ըստ որի` դիմումատուն հայտնել է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկվել է որպես տեղական դիտորդ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» և «Իրավունք Եվրոպա» կազմակերպությունների կողմից՝ վճարովի հիմունքներով, սակայն կազմակերպությունները ձգձգում են գումարների վճարումը, չեն տալիս սպառիչ պատասխաններ:
Լուսինե Հակոբյանը նախ պարզաբանեց, որ դիտորդությունն աշխատանքային հարաբերություն չէ, ոչ էլ ծառայությունների մատուցում է, այլ քաղաքացիական պարտքի մատուցում է, հետևաբար դիտորդն աշխատանք չի կատարել: Նա նշեց, որ այստեղ կարող է խոսք լինել այլ ֆինանսական օգնության մասին, կամ ֆինանսական խրախուսանքի մասին, որի ակնկալիքը դիտորդն ունեցել է:
Փաստաբանն ասաց, որ թեև վարձատրության խոստում չի եղել, սակայն ֆինանսական խրախուսանքի մասին խոսք եղել է և դրանց վճարումներն ընթացքի մեջ են:
«Ոմանք ստացել են այդ խրախուսումը, պարզապես դա երկար պրոցես է տեխնիկական հարցեր կան, առավելևս ընտրություններից հետո այդքան էլ երկար ժամանակ չի անցել, որ բոլորինը կազմակերպեին: 300-ից ավելի դիտորդներից 30 տոկոսինն արդեն կազմակերպել են այդ խրախուսանքը, մյուսներինն ընթացքի մեջ է»,-ասաց նա և վստահեցրեց, որ բոլորին, ում խոստացել են տրամադրելու են և խոսքը շուրջ 15 հազար դրամի մասին է: