Պուտինն ու Աբեն հաստատել են բարդ հարցերի շուրջ միասին աշխատելու պատրաստակամությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հինգշաբթի Կրեմլում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներ, ինչպես նաև մի շարք միջազգային կարևորության հարցեր:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ՌԴ առաջնորդի խոսքով` բանակցությունների ընթացքում ղեկավարները հաստատել են Մոսկվայի և Տոկիոյի «միասին աշխատելու, միմյանց շահերը հաշվի առնելով ցանկացած խնդիր լուծելու պատրաստակամությունը»:
«Ընդգծեմ, որ ռուսական ու ճապոնական կողմերը հետագա փոխշահավետ և բազմակողմ համագործակցության տրամադրվածություն են ցուցադրել», - ասել է Պուտինը ճապոնացի վարչապետի հետ բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում: