Ավստրալահայերը ոգեկոչման երթ են կազմակերպել` պահանջելով կառավարությունից ճանաչել Ցեղասպանությունը
Ավստրալիայում բնակվող հարյուրավոր հայեր կիրակի ոգեկոչման երթի են մասնակցել` Սիդնեյի «Հայդ պարկ» այգուց քայլելով դեպի Circular Quay նավահանգիստ:
Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, ցուցարարները Ավստրալիայի կառավարությանը կոչ են արել ճանաչել ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Երկրի կառավարությունը մինչ օրս հայոց կոտորածները որպես ցեղասպանություն չի ճանաչել:
Ցույցի մասնակից Արա Մկրտիչյանը Associated Press-ի հետ զրույցում պատմել է, որ իր պապը որբացել է 1915-ին և տարիներ անց դա իր ազդեցությունն է թողել նրա ողջ ընտանիքի վրա: Նա հայտնել է, որ ցանկանում է, որ Ավստրալիան, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, ինչպես նաև Թուրքիան և ողջ աշխարհը ճանաչեն Ցեղասպանությունը:
Երթի կազմակերպիչ Հայկ Կայսերյանը շեշտել է, որ «Ավստրալիայի հայ համայնքը պայքարելու է հանուն արդարության, քանի դեռ այն չի հաստատվել»: