ՄԹ Անկախության կուսակցության առաջնորդը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայում նիքաբ և փարաջա կրելու արգելքին
Միացյալ Թագավորության Անկախության կուսակցությունը (UKIP) իր նախընտրական մանիֆեստի մեջ կներառի հասարակական վայրերում նիքաբ և փարաջա կրելու արգելքը: Այս մասին BBC-ի եթերում հայտնել է կուսակցության առաջնորդ Փոլ Նաթոլը:
Նրա խոսքով` Մեծ Բրիտանիան պետք է օրինակ վերցնի «այլ եվրոպական երկրներից, օրինակ` Բելգիայից և Բուլղարիայից», որտեղ արգելված է դեմքը փակող հագուստ կրել:
«Տվյալ պահին մեզ մոտ գոյություն ունի անվտանգության սպառնալիքի բարձր մակարդակ, և նկարահանող համակարգերի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ է տեսնել մարդկանց դեմքերը: Ես չեմ կարող բանկ մտնել պաշտպանիչ սաղավարտով: Եթե ես և մյուսները չենք կարող անել դա, ապա չեմ հասկանում՝ ինչու որոշ մարդիկ հատուկ արտոնություններ ունեն»,-ասել է Նաթոլը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ նիքաբ կամ փարաջա կրելը խոչընդոտում է մահմեդական կանանց ինտեգրացիան բրիտանական հասարակությունում՝ վնաս պատճառելով էկոնոմիկային: