Նոր ԱԺ-ն որակապես ավելի բարձր է. էապես կրճատվել է անհիմն հայհոյանքը. Ռադիկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Օպտիմալացման՝ կրճատումների, խնդիրը դրված է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի առաջ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Սա վերացական հարց չէ, մենք սկսել ենք այս գործընթացը: Ուզում ենք, որ օպտիմալացումն արդյունավետ լինի, կշռադատված, դրական արդյունք ունենա, ոչ թե դժգոհություն ու բողոքներ առաջացնի: Դրա համար մենք մշակել ենք գիտական կազմակերպությունների գործունեության ակտիվության չափանիշներ, ինչից ելնելով մանրամասն ուսումնասիրելու ենք նրանց դերը, նշանակությունը: Ամփոփելով՝ կլինի երկու տիպի օպտիմալացում՝ ներքին և արտաքին»,- մանրամասնեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իրենք օպտիմալացման աշխատանքներ են սկսել դեռևս մինչ կառավարության հանձնարարականը:
Անդրադառնալով նոր խորհրդարանին՝ Tert.am-ը հարցրեց՝ ինչպե՞ս է ԳԱԱ նախագահը գնահատում ԱԺ նոր կազմը, այն համապատասխանո՞ւմ է արդյոք այդ բարձր որակին, որը հարիր է խորհրդարանական կառավարմամբ երկրներին, Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այո: Քարոզարշավի ժամանակ հնարավորինս հետևել եմ քարոզչությանը, նկատել եմ, որ բավական նորմալ էր ընթանում և ամենակարևորը, որ էապես կրճատվել է անհիմն հայհոյանքը մեկ մտավորականի, մեկ թեկնածուի կողմից մյուսի հասցեին: Ընդհանուր մակարդակը բարձրացել է»:
ԳԱԱ նախագահն ասաց, որ մեծ խմբակցությունների կազմին ծանոթ չէ, կդժվարանա անձնապես գնահատել պատգամավորներին, բայց նշեց, որ երիտասարդների առկայությունը ԱԺ-ում հուսադրող է:
Մանրամասները՝ տեսանյութում։