Նուռնուս համայնքի բնակիչը ահազանգում է, թե իր հողը վերցրել են. համայնքապետը հերքում է
Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի բնակիչ Վյաչեսլավ Թորմանյանն ահազանգում է, որ համայնքի ղեկավարը չի թողնում իրեն պատկանող հողատարածքում չափագրումներ իրականացնել:
«Արխիվի թղթով, վկայականով իմ հողը գյուղապետը վերցրել է, չի տալիս: Ասում է՝ դու հող չունես: Ուզում եմ չափագրող բերեմ, չի թողնում»,- հայտնեց Թորմանյանը:
Նա նշեց, որ բազմաթիվ անգամ զանգահարել է չափագրողի, բայց վերջինս չի եկել՝ պատճառաբանելով, որ գյուղապետն է այդպես հանձնարարել:
Հարցին, թե այժմ աշխատանքներ տարվո՞ւմ են տվյալ հողատարածքում, Նուռնուսի բնակիչը պատասխանեց. «Չէ, աշխատանք չկա: Ուղղակի խոտեր կան, ես էլ գյուղացի մարդ եմ, գոնե դրանք քաղեմ անասունների համար»:
Tert.am-ը նաև զրուցեց Նուռնուս համայնքի ղեկավար Մնացական Գևորգյանի հետ, ով նշեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Կարող եք գալ ու պարզել, որ նման բան չկա»:
«Այդ հողատարածքը իրեն է պատկանում, ինքն ունի 5800 մ հողատարածքի վկայական, դա տնօրինում է, օգտագործում է»,- հայտնեց համայնքապետը:
Ինչ վերաբերում է չափագրման աշխատանքները խոչընդոտելուն, Գևորգյանն ասաց. «Ես ո՞վ եմ, որ չթողեմ չափագրում անեն»: Ավելին, նրա տեղեկացմամբ՝ անգամ ինքն է չափագրողի հետ այս հարցով զրուցել: