Կարեն Շահնազարովը հայտնվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի սև ցուցակում
Ռուսաստաբնակ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը ընդգրկվել է ուկրաինական «Միրոտվորեց» ծայրահեղական կայքի «սև ցուցակում»:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, ռեժիսորի մասին տեղեկությունը հայտնվել է կայքի «Քավարան» բաժնում: Որպես պատճառ նշվում է «հանրային կարևոր տեղեկատվության շահարկումը» և «միջամտությունն ինքնիշխան պետության ներքին գործերին»: Որպես ապացույց կայքում մեջբերվում են Շահնազարովի տարբեր հարցազրույցներից հանված հատվածները:
Ռեժիսորն այդ ամենը հիմարություն և երևակայության արդյունք է անվանել: «Այդ ցանկում ընդգրկվելը ես ոչ մի կերպ չեմ ընդունում, ինձ առանց այդ էլ չեն թողնում մտնել Կիև, ես այնտեղ վաղուց արդեն «սև ցուցակում» եմ ընդգրկված, ինչ տարբերություն», - գործակալությանն ասել է կինոռեժիսորը` մեջբերելով Ալեքսանդր Դյումայի խոսքերը` «Հիմարությունն, ի տարբերություն հանճարեղության, անսահման է»:
Շահնազարովից բացի, 2015-ին Ուկրաինայի մշակույթի նախարարության ստեղծած ցուցակում 80 մարդ է ընդգրկված, որոնք «սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը»: