Վարչապետն առաջարկում է միայն ազատվել տեսանելի աղբից, որը համակարգային լուծում չէ. «Էկոլուր» ՀԿ նախագահ
Աղբի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, բայց վարչապետի առաջարկությունը՝ տեսանելի աղբը տեղափոխել այլ աղբավայր՝ ընդամենը լուծման մի փոքրիկ ձև է. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը:
«Ի՞նչ է առաջարկվում, ընդամենն ազատվել տեսանելի աղբից, մի տեղից մյուս տեղ աղբ կուտակել, մինչդեռ լճերը, անտառները, գետերն ամբողջությամբ աղբի մեջ են։ Եվ հետո, սա ընդհանուր խնդրի լուծում չէ»,-ասաց նա:
Զարաֆյանը շարունակեց, որ կենցաղային աղբի թափոնների հարցի լուծումը խնդրի լուծման միայն մեկ մասն է: «Այն պետք է անպայման շարունակություն ունենա և մենք դա պետք է տեսնենք կառավարության լուծումների մեջ: Մենք արդեն իսկ աղբի կուտակման խնդիրն ունենք, ավելի շատ կուտակումն արդեն իսկապես լուրջ է, պետք է աղբի տեսակավորում լինի, պետք է աղբի վերամշակման հարցերը լուծվեն։ Երբ այդ հարցերը լուծվեն, մենք այդ ժամանակ կարող ենք ասել, որ խնդիրը համակարգային լուծված է»,-ասաց նա:
Ինգա Զարաֆյանը հարց է բարձրացնում, թե համայնքների հետ կապված աղբի խնդիրն ինչպես պետք է լուծել, երբ չկան նույնիսկ աղբամաններ և ստիպված են աղբը լցնել գետեր, ձորեր: «Գուցե իսկապես կարող են մարզպետները, համայնքապետերը լուծում առաջարկել»,-ասաց նա:
Բնապահպանը նշեց, որ պլաստիկ տարաների թափոնների հարցն է առաջնահերթ: «Քանի տարի է ասում ենք, որ հատկապես Գեղարքունիքի մարզի Սևանի ավազանում ընդհանրապես պլաստիկ չօգտագործվի, որովհետև բուսական աշխարհը խեղդվում է, մենք տեսանյութ ունենք դրա վերաբերյալ: Պլաստիկ տարաների գինն ընդհանուր ապրանքի գնի մեջ պետք է մեծանա, տեսական մեխանիզմներ կան, ամբողջ Եվրոպան այդ ճանապարհով է գնում, երբ շշի արժեքը մեծ է և դու կարող ես հանձնել՝ փող ստանալ, որը գնա վերամշակման»,-ասաց նա և նշեց, թե կարող է միայն ասել, որ լավ է, որ այս մեխանիզմը գոնե տեղից շարժվեց:
«Որովհետև քանի տարի է ընդհանրապես այս հարցով շարժ չի եղել, հուսանք այս շարժը կբերի կոմպլեքս լուծումների, ինչն, իհարկե, դրական է շատ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա նշեց, որ չի կարող ասել, թե որքանով է իսկապես դա հարցի լուծում: