Ինգուշեթիայում առաջարկել են երեք տարով ազատազրկել հարսնացու առևանգելու համար
Ինգուշեթիայի խորհրդարանի խոսնակ Զելիմխան Եվլոևն առաջարկել է երեք տարի ժամկետով ազատազրկման դատապարտել հարսնացու առևանգելու համար: Նա օրենսդրական ժողովի կոմիտեին հանձնարարել է նախապատրաստել համապատասխան օրինագիծը` դաշնային մակարդակով դրա հետագա քննարկման համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Զելիմխան Եվլոևի խոսքով` վերջին ժամանակներում Ինգուշեթիայում և Հյուսիսային Կովկասի այլ տարածաշրաններում հաճախացել են հարսնացուներ առևանգելու դեպքերը` չնայած իշխանությունների և հասարակության ձեռնարկած միջոցներին:
Խոսնակը նաև նշել է, որ Քրեական օրենսգիրքը հաշվի չի առնում հարսնացուներ առևանգելու ամբողջ վտանգը` մանրամասնելով, որ «Մարդու առևանգում» հոդվածը չարագործին ազատում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ինքնակամ ազատում է զոհին և եթե նրա գործողություններում բացակայում է հանցակազմը:
Հայտնի է, որ ապրիլի 8-ին Ինգուշեթիայում 19-ամյա աղջիկ է առևանգվել` ամուսնանալու նպատակով, ինչից հետո քրեական գործ է հարուցվել: Քննիչների տվյալների համաձայն` առնվազն 5 մարդուց կազմված խումբը ներխուժել է աղջկա տուն և բռնի ուժով առևանգել նրան:
Նշվում է, որ աղջկա գտնվելու վայրը դեռևս անհայտ է: