Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հանրաքվեն «անվավեր» է անվանել
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանն ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անվանել է «անվավեր» և հայտարարել, որ իշխանությունները սաբոտաժի են ենթարկել Թուրքիայի ժողովրդի կամքը:
Այս մասին տեղեկանում ենք Դողանի Twitter-յան պաշտոնական էջից:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի անդամ է հայազգի Դողանը, այսօր դիմել է Գերագույն ընտրական խորհրդին՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները չեղարկելու պահանջով: Կուսակցության պատվիրակության կազմում խորհրդի շենք է ժամանել նաև Սելինա Դողանը:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության` Ստամբուլից ընտրված պատգամավոր Սենջեր Այաթան հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ չկնքված քվեաթերթիկները, որոնք հաշվարկվել են որպես «Այո»-ի քվե, կազմել են 2.5 մլն:
Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: