Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը խոստովանել է մեղքը
Մերձմոսկովյան շրջանում ձերբակալված Աբրոր Ազիմովը խոստովանել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպման գործում իր մեղքը: Այդ մասին Բասմանի դատարանում լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Արմեն Զադոյանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա խոստովանում է մեղքը»,- ասել է փաստաբանը՝ չհստակեցնելով մանրամասները: Մոտ ժամանակներս, ինչպես սպասվում է, դատարանը կսկսի Ազիմովի կալանքի վերաբերյալ նիստը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը` Աբրոր Ազիմովը, որը ծագումով Կենտրոնական Ասիայից է:
Ազիմովին հաջողվել է ձերբակալել նախօրեին Օդինցովյան շրջանում Անվտանգության դաշնային ծառայության հատուկ գործողության ընթացքում: Հատուկ ծառայության տվյալներով՝ հենց նա է «պատրաստել մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։