Հս. Կորեան նախազգուշացրել է, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել
Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:
Ինչպես նշում է The Guardian-ը, պաշտոնյան նկատել է, որ Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն ագրեսիվ բնույթ են կրում և որ Փհենյանը պատրաստ է արձագանքել «ԱՄՆ-ի այդքան տենչած պատերազմին»:
Պարբերականը նկատում է, որ Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը:
Մինչդեռ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում նշել էր, որ Փհենյանն առաջվա պես կշարունակի հրթիռներ արձակել: