Թուրքիայում ցույցերը շարունակվում են. Ստամբուլին, Անկարային և Իզմիրին միացել է նաև Անթալիան
Թուրքիայի խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը. քաղաքացիները բողոքում են ապրիլի 16-ին կայացած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքների դեմ, այս մասին հաղորդում է «Ակօսը»:
Նշենք, որ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտահայտվել երկրի հիմնականում կենտրոնական նահանգներում: Իշխանությունների առաջարկած սահմանադրական փոփոխությունները խիստ հակազդեցության են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում և այլուր: Էրդողանին դեմ են նաև քրդաբնակ շրջանների մեծ մասում:
Երկրորդ օրը Ստամբուլին, Անկարային և Իզմիրին միացել է նաև Անթալիան, որտեղ բազմամարդ ցույցեր են տեղի ունեցել «Ո՛չ, մենք ենք հաղթել» կարգախոսով:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: