Թուրքիայում շուրջ 2.5 մլն քվե կարող է կեղված լինել. եվրոպացի դիտորդ
Մինչև 2.5 մլն քվե կարող է կեղծված լինել Թուրքիայի կիրակնօրյա հանրաքվեում, որն ավարտվել է «այո» քվեարկողների հաղթանակով: Reuters գործակալության հաղորդմամբ` նման կարծիք է հայտնել Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ավստրիացի անդամ Ալև Կորունը:
Եվրոպայի խորհրդի` 47 անդամ ունեցող դիտորդական առաքելությունը, որը մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով առաջատար մարմինն է, արդեն կարծիք է հայտնել, որ հանրաքվեն անհավասար մրցույթ էր: Դիտորդների կարծիքով` «Այո»-ի գերիշխող մեծամասնությունը քարոզարշավի լուսաբանման արդյունքն է, մինչդեռ լրագրողների ձերբակալության և լրատվամիջոցների փակման դեպքերը չեն լուսաբանվում:
Ավստրիացի դիտորդի խոսքով` տարօրինակ է եղել նաև քվեարկման ձևը, քանի որ բարձրագույն ընտրական մարմինը վերջին պահին օրենքի հակառակ որոշում է կայացրել` վավեր համարելով առանց պետական կնիքի ծրարները:
«Կասկած կա, որ մինչև 2.5 մլն քվե կարող է կեղծված լինել», - ասել է Կորունը:
Հիշեցնենք, որ կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքում ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի նախագահի լիազորությունների ընդլայնմանն ու խորհրդականից նախագահական կառավարման համակարգի անցնելուն: