«Ելք» դաշինքը չի բողոքարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որովհետև փաստեր չունի. Էդմոն Մարուքյան
«Ելք» դաշինքը չի բողոքարկել ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքը, որովհետև փաստեր չունի բողոքարկելու համար:
Այս մասին azatutyun.am-ի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։
«Այնպիսի բազա չենք տիրապետում, որը թույլ կտա ասել, որ Սահմանադրական դատարան դիմելու դիմում կարող ենք ներկայացնել: Մենք երբևէ չենք ներկայացնի այնպիսի դիմում, որը լինի դատարկ, առանց փաստերի, ապացույցների, առանց իրավական հիմնավորումների և ասի՝ ընտրությունները կեղծվել են»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան, իրենք գոհ չեն ընտրությունների արդյունքից:
Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքին տրված յուրաքանչյուր ձայն, եկել, հասել է «Ելք» դաշինքին և իրենք պահել են այդ ձայները: Ըստ նրա՝ խախտումները եղել են տեղամասերից դուրս:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը Ազգային ժողովի ընտրությունների ամենակարևոր ձեռքբերումն այն համարեց, որ ընտրողները վստահ եղան, որ գնալու են տեղամաս, գաղտնի քվեարկելու են և իրենց ձայները հաշվվելու են:
«Ընտրական օրենսգիրքն այնպես էր մշակվել, որը գրեթե հնարավորություն չի տալիս որևէ մեկին՝ կարողանալ կեղծել որևէ մեկի ձայնը, կամ տեղամասում քվեարկողի քվեարկության վրա ճնշում գործադրել»,-ասաց նա և նշեց, որ ամենաժողովրդավար երկրներում էլ ընտրությունների ժամանակ բողոքներ, քննադատություններ կան:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Սամվել Նիկոյանն ասաց, որ բնական է, որ «Ելք» դաշինքը պետք է ՏԻՄ ընտրությունները հասցներ քաղաքական մակարդակի, քանի որ այդ դաշտում հաջողություն են արձանագրել:
«Շատ բնական վարքագիծ է, բայց բոլորս էլ գիտենք, որ որքան էլ մեծ լինի Երևանը, այն տեղական ինքնակառավարման մարմին է, և շատ լիազորություններ չկան տրված»,-ասաց նա: